суббота, 1 сентября 2012 г.

Միայնակ աշուն

 

     Միայնակ աշուն... 


    Այս աշուն ես քեզ ինձ հետ չեմ տանի....սա առաջինն է վերջին չորս տարվա աշուններից, որտեղ դու տեղ չունես.....Ու թեև բայ չես, բայց հեշտությամբ փոխում ես ժամանակդ. չորս աշուն "ներկա" էիր, հինգերորդում արդեն `  "անցյալ"....Չորս աշուն  լռին ուղեկցում էիր իմ մենակությանը.սկզբում ` հենց այնպես, քո կամքով, անկեղծ, մաքուր...հետո` ավելի ջերմ, տաք,  - ավելին քան ընկեր,  բայց դեռ սակավ, քան սիրելի...ապա`  զայրացկոտ, անտանելի ու հարազատ...այնքան հարազատ, որ առանց ֆիզիկական ներկայության էլ` իմ սրտում էիր, ու ոչ թե հենց այնպես` իբրև մի հին կիսանդրի, որի անունը նույնիսկ չգիտեն, այլ կենտրոնում ` ուղիղ ապագա տանող մայրուղու վրա, գլխավոր աթոռին...որը, սակայն, հրեցիր մի կողմ` նախընտրելով մնալ հիշողություններիս արվարձաններից մեկում ու պատճառաբանելով, թե.........
     Առանց "թե"-երի ու "բայց"-երի ոչինչ  չստացվեց ուղղել, նույնիսկ "հօգուտ"-ն ու "հանուն"-ն էլ ոչինչ չփոխեցին...փոխվեց միայն աշունն իր տերևներով. վառ կարմիր տերևները խամրեցին, վայր ընկան, խեղճացան ու դարձան խաշամ...և դու ի՞նչ էիր կարծում, որ դրանց լուցկին մոտեցնելով կվառես մի նոր կրա՞կ, հույզերի  մի բո՞ց.... Ախ~, սիրելի' ս, մի՞թե դու, որ ֆիզիկայի օրենքներն այնքան լավ գիտես, ինչպես ես Սևակի տողերը, սխալվեցիր այս  պարզ հաշվարկում....Չէէէ', սիրելի'ս...դու, որ ֆիզիկայի օրենքներն այնքան լավ գիտես, ինչպես ես Սևակի տողերը, մշակել էիր մի նոր աքսիոմ` թե աշնան տերևներին կարմրի համար լուցկին է պակասում....
   Այս աշուն ես քեզ ինձ հետ չեմ  տանի...այս աշուն ես նույնիսկ ինձ ինձ հետ չեմ տանի. ինձ` հիասթափված, ինձ` մտամոլոր, ինձ` աներազ...Կգնամ մենակ, ու, ներելով ինքս ինձ և ինքս քեզ, հաշտեցնելով ինձ ու քեզ և քեզ ու ինձ,  սառած, բայց թարմությամբ բուրող ժպիտով ձեռքով կանեմ և հրաժեշտ կտամ, որովհետև. սիրելի'ս,   աքսիոմներ մշակելու ճանապարհին այդպես էլ  հաշվի չառար, որ լուցկին բռնկվելիս տաքացնում է փայտով լի վառարանը գուցե,  բայց խաշամն այրում, ոչնչացնում է, թեկուզև...  սիրով....
    Հիմա հասկանու
՞ մ ես, ջա' նս, թե ինչու ես ո' չ այս, ո' չ մեկ այլ աշուն քեզ ինձ հետ ԷԼ  չեմ տանի.....