суббота, 1 сентября 2012 г.

Միայնակ աշուն

 

     Միայնակ աշուն... 


    Այս աշուն ես քեզ ինձ հետ չեմ տանի....սա առաջինն է վերջին չորս տարվա աշուններից, որտեղ դու տեղ չունես.....Ու թեև բայ չես, բայց հեշտությամբ փոխում ես ժամանակդ. չորս աշուն "ներկա" էիր, հինգերորդում արդեն `  "անցյալ"....Չորս աշուն  լռին ուղեկցում էիր իմ մենակությանը.սկզբում ` հենց այնպես, քո կամքով, անկեղծ, մաքուր...հետո` ավելի ջերմ, տաք,  - ավելին քան ընկեր,  բայց դեռ սակավ, քան սիրելի...ապա`  զայրացկոտ, անտանելի ու հարազատ...այնքան հարազատ, որ առանց ֆիզիկական ներկայության էլ` իմ սրտում էիր, ու ոչ թե հենց այնպես` իբրև մի հին կիսանդրի, որի անունը նույնիսկ չգիտեն, այլ կենտրոնում ` ուղիղ ապագա տանող մայրուղու վրա, գլխավոր աթոռին...որը, սակայն, հրեցիր մի կողմ` նախընտրելով մնալ հիշողություններիս արվարձաններից մեկում ու պատճառաբանելով, թե.........
     Առանց "թե"-երի ու "բայց"-երի ոչինչ  չստացվեց ուղղել, նույնիսկ "հօգուտ"-ն ու "հանուն"-ն էլ ոչինչ չփոխեցին...փոխվեց միայն աշունն իր տերևներով. վառ կարմիր տերևները խամրեցին, վայր ընկան, խեղճացան ու դարձան խաշամ...և դու ի՞նչ էիր կարծում, որ դրանց լուցկին մոտեցնելով կվառես մի նոր կրա՞կ, հույզերի  մի բո՞ց.... Ախ~, սիրելի' ս, մի՞թե դու, որ ֆիզիկայի օրենքներն այնքան լավ գիտես, ինչպես ես Սևակի տողերը, սխալվեցիր այս  պարզ հաշվարկում....Չէէէ', սիրելի'ս...դու, որ ֆիզիկայի օրենքներն այնքան լավ գիտես, ինչպես ես Սևակի տողերը, մշակել էիր մի նոր աքսիոմ` թե աշնան տերևներին կարմրի համար լուցկին է պակասում....
   Այս աշուն ես քեզ ինձ հետ չեմ  տանի...այս աշուն ես նույնիսկ ինձ ինձ հետ չեմ տանի. ինձ` հիասթափված, ինձ` մտամոլոր, ինձ` աներազ...Կգնամ մենակ, ու, ներելով ինքս ինձ և ինքս քեզ, հաշտեցնելով ինձ ու քեզ և քեզ ու ինձ,  սառած, բայց թարմությամբ բուրող ժպիտով ձեռքով կանեմ և հրաժեշտ կտամ, որովհետև. սիրելի'ս,   աքսիոմներ մշակելու ճանապարհին այդպես էլ  հաշվի չառար, որ լուցկին բռնկվելիս տաքացնում է փայտով լի վառարանը գուցե,  բայց խաշամն այրում, ոչնչացնում է, թեկուզև...  սիրով....
    Հիմա հասկանու
՞ մ ես, ջա' նս, թե ինչու ես ո' չ այս, ո' չ մեկ այլ աշուն քեզ ինձ հետ ԷԼ  չեմ տանի.....

четверг, 16 февраля 2012 г.


Նվիրել անմահություն....

«Սիրել, նշանակում է դիպչել գաղտնիքին, բայց դիպչել գաղտնիքին դեռ չի նշանակում հասնել նրան….»: Աշխարհում բնակվում է շուրջ 6 միլիարդ 700 միլիոն մարդ, որից յուրաքանչյուրն ունի սիրո կարիք: Նրանք բոլորն էլ սիրում են կամ փորձում են սիրել: 

Իսպանացի փլիլիսոփաներից մեկը` Խոսե Արտե Գրիգասոն, ասում է. « Բոլոր նրանք, ովքեր սիրում են, սիրում են միանման` խելացին եվ հիմարը, երիտասարդը եվ ծերը, բուրժուան եվ նկարիչը, բոլորի մոտ էլ սերը միանման է գալիս»: Բայց մեզանից յուրաքանչյուրին միայն մեկ օբյեկտն է պետք. միայն նրա ժպիտն է ամենացանկալին, նրա աչքերն են ամենագեղեցիկը, նրա տեսքն է առավել սպասվածն ու ցանկալին:
Թվում է` հազար անգամ ասված ու կրկնված խոսքեր են, բայց ամեն մեկի համար դրանք իրենց մեջ թաքնված յուրովի խորհուրդ ու գաղտնիք են պարունակում: Հարցրե’ք ձեզ շրջապատող մարդկանցից, թե ինչ է սերը, եվ դուք չեք ստանա միանման երկու պատասխան: 

Ռուսաստանի փիլիսոփայական գիտւթյունների դոկտոր Դմիտրի Սպիվակը սերը բնութագրում է որպես մարդու հոգեկանի իմուլսիվ-ադեկտիվ խանգարման մի տարատեսակ, որը մեզ տիրաբար ձգում է դեպի այսպես կոչված «մեր առարկան»:

«Սերը այս աշխարհից չէ- ասում է Պլատոնը,- այն այստեղի ծաղիկ չէ»: 

Սիրո առեղծվածի բացահայտման փորձ են արել ամերիկացի գիտնականները: Նյու-Յորքի համալսարանական քաղաքներում առկա հետազոտական կենտրոնների շնորհիվ կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է այսպես ասած «ներթափանցել» մարդկանց ուղեղի մեջ եվ պարզել, թե ինչ է կատարվում եվ ինչն է փոխվում այնտեղ սիրահարվելիս:

Փորձերից մեկի ժամանակ մարդկանց, ովքեր իրենց համոզմաբ սիրահարված էին,պառկեցրել են հատուկ սկանների մեջ եվ ցույց են տվել իրենց սիրելիների նկարները կամ առաջարկել մտածել նրանց մասին: Այդ ընթացքում մեկ այլ մոնիտորի շնորհիվ փորձել են արձանագրել նրանց ուղեղում տեղի ունեցողը: Այդ ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները պարզել են, որ սիրահարված ժամանակ ակտիվանում է մարդկանց ուղեղի ենթակեղեվային հատվածը, որն առհասարակ պատասխանատու է մարդու տարրական անհրաժեշտությունների համար, ինչպիսիք են ջուրը, օդը, սնունդը, քունը: Դրանք այն տարրերն են, առանց որի մարդը չի կարող ապրել, եթե մենք անտեսենք դրանցից որեվէ մեկը, մենք կմահանանք: 
 

Այսինքն` սերը կենսական անհրաժեշտություն է: Մենք չգիտենք, թե ինչ է սերը, բայց մենք ճանաչում նրան, երբ այն գալիս է: Մեզ համար կարեվոր չէ, թե ինչ է կատարվում շուրջը եվ ամենեվին էլ պարտադիր չէ շփվել այլ մարդկանց հետ. մենք մեր ներսում ստեղծում ենք մեր աշխարհը միայն մեկի համար եվ ուզում ենք միայն նրա հետ շփվել: Մենք դառնում ենք անտարբեր բոլորի նկատմամբ. մեկ վայրկյանում մենք կարող ենք քանդել ընկերական եվ բարեկամական կապերը, եթե դրանք ինչ-որ կերպ կարող են խոչընդոտ հանդիսանալ մեր ճանապարհին: 

Ինչ էլ ասենք սիրո մասին, ինչպիսի ուսումնասիրություններ էլ որ կատարվեն, միեվնույն է, սերը եղել եվ մնում է առեղծված` նման այնպիսինների, ինչպիսիք են Աստվածը, ծնունդը, կյանքը եվ մահը: Սուտ, ուրախություն, նվիրվածություն, խանդ, դավաճանություն, հրճվանք,
հիասթափություն…Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի քո սիրո պատմությունը. այն դու ես գրելու: 


Փիլիսոփաներից մեկն ասում էր. «Ասել ես սիրում եմ քեզ, կնշանակի ասել դու չես մահանա», այսինքն ` սիրելով մեկին, դու նրան անմահություն ես խոստանում: Մենք բոլորս էլ սիրել կամ սիրում ենք, ասել է թե` բոլորս էլ անմահ ենք այս աշխարհում: