воскресенье, 22 мая 2011 г.

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ


ՊԱՏՄԱԿԱՆ  ՓԱՍՏԵՐԻ    ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ   ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

Նախաբան:
     Պատմական փաստերի ոչ ճիշտ ներկայացնելը, աղավաղելը կամ դրանք գիտակցված ձևով  խեղաթյուրելը   գրքերում, ուսումնական գրականություններում, համացանցում կամ ԶԼՄ-ի  որևէ տեսակի միջոցով արվում է քաղաքական նկատառումներից ելնելով`  տեղեկատվական պատերազմների «դաշտում»  գերիշխանություն ունենալու և սեփական երկրի հասարակական միտքը «կառավարելու» համար:  Նախ և առաջ  դա  չափազանց բացասական ազդեցություն է ունենում հենց տվյալ երկրի սերունդների դաստիարակության վրա.երիտասարդությանը ի սկզբանե օգտագործելով որպես քաղաքական  պոտենցիալ զենքեր, զրկելով նրանց ճիշտ ինֆորմացիայից և դեռևս դպրոցական նստարանից ապատեղեկացնելով` նրանք  մեծացնում են մի նոր «ահավոր» սերունդ, քանի որ գրագետների հետ վիճելիս կամ բանակցելիս առավել դժվար է վիճել կամ բանակցել  /ստիպողաբար/ «անգրագիտացված» գրագետների  հետ:
    Գլոբալ առումով այս թեմայի մասին կարելի է խոսել բավականին երկար: Տեղեկատվական պատերազմների տեսանկյունից պատմական փաստերի աղավաղման մասին խոսելն առավել նպատակահարմար և արդիական կլինի  Հայստանին անմիջական առնչություն ունեցող երկու այդպիսի երկրների օրինակով: Դրանք են մեր հարևան երկու պետությունները` Ադրբեջանը և Թուրքիան:


Թուրքիայի և Ադրբեաջանի «հորինած» պատմությունը:

     Թուրքիյում և Ադրբեջանում պատմական փաստերի խեղաթյուրումն ու աղավաղումը չափ ու սահման չի ճանաչում: Այն իրականացվում է մանիպուլյացիոն եղանակով: Մանիպուլյացիան սոցիոլոգիական տերմինաբանության համաձայն` իշխանության  կիրառման տեսակ է, որտեղ այդ իշխանությունն ունեցողն ազդում է մյուսների վարքագծի վրա: Ադրբեջանն ու Թուրքիան, իմանալավ այդ «մանիպուլյացիոն զենքի» կիրառման հմտությունները, բավականին մեծ հաջողությամբ ԱՆ«գրագիտացնում» են իրենց սերունդներին, քանի որ պատմական փաստերի խեղաթյուրմամբ կատարվող մանիպուլյացիան սկսվում է դեռևս դպրոցից` իբրև թիրախ օգտագործելով դեռևս «չհունցված» երիտասարդ ուղեղները: Այդ  պատճառով է, որ ներկայումս ադրբեջանական երիտասարդության զգալի մասը մտածում է, որ իրենց նախահայրերն ի սկզբանե ապրել են Ղարաբաղում, որ Ղարաբաղը հայերի կողմից  «օկուպացված ադրբեջանական տարածք» է, և որ այնտեղից  վտարվել է ավելի քան մեկ միլիոն մարդ և այլն, և այլն… Եվ նրանց մեղադրել չի կարելի.բացատրեմ մեր պառմությանը վերաբերող ակնառու օրիանկով: 
ԵՆԹԱԴՐԵՆՔ, ԹԵ Հայրենական Մեծ պատերազմը չի եղել, պարզապես մեր պատմաբաններին  թուրք և ադրբեջանցի որոշ պատմաբանների պես հաջողվել է ցույց տալ, որ այն ԵՂԵԼ է…Եթե մի օր մի գերմանացի պատմաբան մեզ ասի, որ Հայրենական Մեծ պատերազմ չի եղել, մենք, բնականաբար, այդ ասածը լուրջ ուշադրության չենք արժանացնի և կհերքենք, քանի որ տարիներ շարունակ մեզ մեր դասագրքերն ու մեր պապերը հակառակն են սովորեցրել:    
     Տարիներ շարունակ ադրբեջանական  և թուրքական մամուլի և գիտական աշխատողների` պատմաբանների, տեսաբանների և քաղաքագետների կողմից գրված հակահայկական հերյուրանքները այնքան մեծ տեղ են զբաղեցրել այդ հասարակություններում, որ արդեն ամրապնդվել են ժողովրդի մեծամասնության գիտակցության մեջ` ընդունվելով իբրև միակ ճշմարտություն: Այստեղ նրանք ճիշտ կիրառել են մանիպուլյացիայի ձևերից մեկը` այն է` «ինֆորմացիայի կրկնումը»: Մանիպուլյացիոն այս մեթոդը քաջ հայտնի է   այս երկու երկրների  առաջնորդներին և իշխանավորներին: Իզուր չէ, որ նշանավոր սոցիոլոգ Գ. Լեբոնը համարում էր, որ որքան  ամրապնդումը կարճ է և զուրկ ապացույցներից, այնքան ավելի մեծ ազդեցություն է ունենում մարդկանց վրա:     
 

ՍԽԱԼ ՔԱՐՏԵԶ
ՃԻՇՏ ՔԱՐՏԵԶ



Պատմական փաստերի խեղաթյուրման գործընթացն   
  ակտիվացել է հատկապես հիմա` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և հայ-թուրքական սահմանների հնարավոր վերաբացման թեժ քննարկումների ժամանակաշրջանում: Փաստերի աղավաղման հսկայական փորձ ձեռք բերած Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն, որ իրենց երկրների ժողովուրդները  տարածաշրջանին վերաբերող պատմական իրադարձությունների մասին տեղեկանալիս նախապատվությունը կտան  իրենց «հայրենական» աղբյուրներին, ուստի նրանց հրամցնում են այն պատմությունը, որն իրենց "անհրաժեշտ" է տվյալ պահին . ասենք` եթե խոսք է բացվում Հայոց ցեղասպանության, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերի մասին, անմիջապես  ադրբեջանական և թուրքական «տեղեկատվական զենքն» ուղղվում է Խոջալուում հայերի կողմից իրականացված  ադրբեջանիների ենթադրյալ «ցեղասպանության»  կամ այլ մանր-մունր դեպքերի վրա` ելնելով «հայերն են մեզ կոտորել» սկզբունքից :

           Թուրքական և ադրբեջանական արտադրության  7 ՀԵՔԻԱԹ 

      Այսուհետև այս նյութում պատմական փաստերի խեղաթյուրումը մենք կանվանենք պարզապես
«Հեքիաթ» ու կպատմենք ձեզ դրանցից մի քանիսը : Եվ որպեսզի որոշ հեքիաթների «հեքիաթայնությունը» ավելի  պարզ և ընդգծված լինի, համառոտ նշենք, որ Ադրբեջանն ունի ընդամենը մի քանի հարյուրամյա պատմություն /1918թ.ին  կովկասյան թաթարների Կովկասում զավթում են մի մաս և այն կոչում են Ադրբեջան`  հույս ունենալով հետագայում գրավել նաև Իրանի տարածքում գտնվող պատմական Ատրպատականը/:


Հեքիաթ  №  1  Լինում է չի լինում  Հայաստանը պատմական Ադրբեջանի արևմտյան մասն է լինում
    Տարիներ առաջ Ադրբեջանում լույս տեսած «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները»  գրքում ներկայացված է ՀՀ ներկայիս քարտեզը, որում  Հայաստանը ներկայացվում է ` իբրև Արևմտյան Ադրբեջանի մաս, որտեղ ժամանակին թուրքեր են ապրել: Ավելին` բոլոր հայկական հուշարձաններն ու եկեղեցիները ներկայացվում են ` որպես ուրարտա- և աղվանա-թուրքական մշակութային արժեքներ:
Հեքիաթ   2 Լինում է չի լինում  Աքեմենյան և Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանը ադրբեջանական պատմության մի մասն է լինում
   Միևնույն է, թե այդ ժամանակ /մ.թ.ա 6-4-րդ և մ.թ. 3-6-րդ դարերում/ առհասարակ ադրբեջանցիներ չեն եղել, 7-րդ դասարանի ադրջեջանցի երեխաները թող մտածեն, որչ եղել է և հպարտանան, որ այդքան հին են:
Հեքիաթ №  3 Լինում է չի լինում  Ադրբեջանցիները ապստամբում են Հռոմեական կայսրության դեմ
    2009թ. Ադրբեջանում տպագրվեց մի մենագրություն, որտեղ «ստերի հերն անիծվեց»`  նշելով, որ ադրբեջանցիները դեմ են դուրս եկել Հռոմեական կայսրությանը: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ համաշխարհային պատմության մեջ չի եղել նմանատիպ դեպք, ոչ մի կերպ չի անհանգստացնում ադրբեջանցի պատմաբաններին:
Հեքիաթ  №  4: Լինում է չի լինում  12-րդ դարում  Կովկասի ադրբեջանական հողերը մասնատվում են հայերի և վրացիների միջև
    Վրացական թերթերից մեկը` «Քվիրիս պալիտրա»-ն 2009թ. հուլիսի 20-26-ի իր համարներում նշում է ադրբեջանական դասագրքերում պատմական իրադարձությունների խեղաթյուրման մասին: Այսպես օրինակ 8-րդ դասարանի պատմության դասագրքում ասվում է. «Վրացական և հայկական ֆեոդալները Բյուզանդիայի միջոցով կազմակերպել էին խաչակրաց արշավանքներ սելջուկ- թուրքերի դեմ: Պայքարի համար նրանք դաշինք էին կնքել խաչակիրների հետ: Այս ձևով նրանք փորձում էին Կովկասից դուրս մղել մահմեդական գործոնը և մասնատել ադրբեջանական հողերը »: Հեքիաթի շարունակությունում ասվում է, որ Թբիլիսին  ադրբեջանական ողջ հարստության հետ մեկտեղ անցավ վրացիներին: Հետաքրքիր է, որ ադրբեջանական հողերը մասնատվել են Ադրբեջանի ստեղծվելուց դարեր առաջ:
Հեքիաթ  №  5  Լինում է չի լինում  Ղարաբաղի բնակչության 95%  թուրք է լինում
  Թուրքական «Սաբահ» թերթը գրում է,  որ «ինչ-որ» ժամանակ Ղարաբաղը եղել է Օսմանյան կայսրության կազմում, և երբ անցել է Ռուսաստանին, նրա բնակչության ճնշող մեծամասնությունը ` 95%  թուրքեր են եղել: Այս առումով` թերթը մեղադրանք է ներկայացնում ռուսներին` ասելով, որ նրանք տեղահանել են թուրք բնակչությանը` այնտեղ վերաբնակեցնելով հայերին:
 
Հեքիաթ  №  6  Լինում է չի լինում  Խոջալուում  ադրբեջանցիների ցեղասպանություն է լինում
   Նախապես լռելով Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի մասին, դարձյալ թուրքական «Սաբահ»-ը ` ադրբեջանցիների «եղբայրը» , ներկայացնում է Խոջալուի «ցեղասպանությունը»` նախապես կիրառելով հիպերբոլիզմի սկզբունքները:  Անշուշտ թերթում չէր նշվում, որ այդ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ոչ թե բուն Խոջալուում, այլ Աղդամի մատույցներում /որը գտնվում էր ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ/, որ տեղի խաղաղ բնակչությանը համար ռազմական գործողությունների «բեմից» անվտանգ հեռանալու  միջանցք էր տրված, որ ադրբեջանիցները կրակ են արձակել յուրայինների վրա`  հետագայում դա հայերին վերագրելու նպատակով... Վերագրելու` իբրև «Խոջալուի ցեղասպանությունը»: 
Հեքիաթ  №  7 Լինում է չի լինում  Ղարաբաղյան պատերազմից հետո 1,5 միլիոն ադրբեջանցի է տեղահանվում
   Այն, որ պատերազմից հետո ադրբեջանցիները տեղահանվել են Ղարաբաղից, թերևս համապատասխանում է իրականությանը, բայց որ տեղահանվածների թիվը ադրբեջանցիները եռապատկել են, դրանում կասկած չկա…

                         …. և վերջապես

Հեքիաթների հեքիաթը` ՀԱՅԵՐԻ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ   ՉԻ ԵՂԵԼ...

    Այսպես կարելի է թվարկել անվերջ…Այն, որ կեղծված և ստահոդ պատմությունը Ադրբեջանին և Թուրքիային  դուր է գալիս, փաստ է: Նրանք գիտեն, որ հայոց Ցեղասպանությունը եղել է, որ Ղարաբաղը "Մերն է", որ, որ, որ… Բայց  քաղաքական շահերից ու նպատակներից ելնելով, շարունակում են սեփական ժողովրդի բթացումն ու օտարազգի ընթերցողների ապակողմնորոշումը:
    Հայկական տեղեկատվական պատերազմի «մարտիկները» պետք է ձեռնամուխ լինեն խեղաթյուրված պատմության հակասող նյութեր հրապարակելով: Առավել նպատակահարմար կլինի ոչ թե ասել, որ «ադրբեջանցիների ասած այս-այս բան սուտ է կամ տեղի չի ունեցել» ,այլ պարզապես ասել, որ «տեղի է ունեցել այսպես կամ այնպես»: Այլապես թուրքական և ադրբեջանական «ինֆորմացիոն տեղատարափը» `իր մեծաթիվ գրքերով և համացանցում տեղադրված բազմաթիվ նյութերով /որոնք զգալիորեն գերազանցում են հայկական հրապարկումներին/ վերջնականապես պատմության էջերից որևէ մեկում կամրագրեն իրենց  «հորինած» պատմությունը»: 
   Պետությունը ոչինչ է առանց հասարակության, իսկ այնքան ժամանակ, որքան պետության ղեկին նստած մարդիկ  պատմական փաստերի խեղաթյուրված տարբերակներով մանիպուլյացիայի են ենթարկում
հասարակական գիտակցությունը ` մարդկանց դարձնելով «կառավարելի», հրամցնելով «կեղծված» պատմություն, նրանք գտնվում են իշխանության ձեռքերում: Իսկ քանի դեռ ժողովուրդն իշխանական «ձեռքերում է»  ո'չ Ցեղասպանությունը կճանաչվի, ո'չ Ղարաբաղյան հարցը կլուծվի, ո'չ հայ-թուրքական սահմանները կբացվեն… 


Հ.Գ. 2009թ.ին լույս է տեսել Ռուբեն Գալիչյանի «Ադրբեջանի հորինած պատմությունը.Ադրբեջան և Հայաստան, երևակայութուններ ու փաստեր »  գիրքը, որտեղ փաստերով հերքվել է ադրբեջանական խեղաթյուրված պատմությունը:/շատ կարևոր է, որ գործը տպագրվել է անգլերեն/: